«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ֆեյսբուքյան պատեհ արձագանք

Ֆեյսբուքյան պատեհ արձագանք
25.09.2025 | 13:28

Ճանաչված թարգմանիչ Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան էջում երեկ կարդացի Անուշ Ասլիբեկյան֊Արծրունու «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը և հայ բեմը» գրքի առիթով պարոն Բոյաջյանի` Վիլյամ Սարոյանի` ժամանակ առաջ իր թարգմանած դարձվածի հիմնավորումները, դիտարկումներն ու առարկությունները։

Աչքի անցկացրի նաև կարծես հակընդդեմ բանավեճի վերածված արտաքուստ հավասարակշռված (ներքուստ` կարծես նեղացած) արձագանքները։

Չանդրադառնալով ո'չ գրքի հեղինակ Անուշ Ասլիբեկյան֊Արծրունու և ո'չ էլ թարգմանիչ Զավեն Բոյաջյանի մեկնաբանություններին, առավել ևս` երբ այն վերաբերում է իրենց գործի գիտակներին, պատեհ առիթից օգտվելով` մտահոգող հարց եմ ցանկանում բարձրացնել` որպես գրականությանը քիչ թե շատ մոտ կանգնած գրագետ մարդ և, ինչու չէ, որպես ճաշակավոր ընթերցող։

Քննարկվող դարձվածի թարգմանությանն առնչվող հիմնավորումներն ու մերժումները թողնենք իրենց կամ ոլորտի այլ գիտակների։

Մտահոգող հարցս ընդամենն առնչակից է և ավելի հեռուն է տանում։

...Մշտապես, կարելի է ասել` ամեն օր գիրք է տպագրվում. ով ցանկանում է, ով միջոց և հնարավորություն ունի, գիրք է հրատարակում։ Փառք Աստծո, ամեն քայլափոխի` արդեն հայտնի դարձած տպարաններ ու հրատարակչություններ, ոչ ավելի, ոչ պակաս` գիտության թեկնածու խմբագիրներ։

Ճոխ, շքեղ գինեձոն ու շնորհանդես են կազմակերպում։

Ճռճռան, խուճուճ֊մուճուճ ելույթներ են հնչում, ասես մի նոր Հովհաննես Թումանյան կամ Հրանտ Մաթևոսյան են նորօրյա գրական աշխարհ եկել։ Իսկ օրեր անց այդ գրքերը հայտնվում են հեղինակի տան մի անկյունում, նվիրվում սրան֊նրան, երբեմն` ուղարկվում ընթերցողներն օրեցօր պակասող գրադարաններ, մնում գրախանութների և գրատների դարակներում, մեղմ ասած, արժեզրկվում։

Ինչ խոսք, հաճելի է հեղինակ դառնալ գրքի, տպագրվել, ճանաչվելու փորձ անել, բա՞յց...

Յուրաքանչյուր գիրք հրատարակող սրտացավ և նախանձախնդիր պիտի լինի յուրաքանչյուր բառի, բառիմաստի, նախադասության մտքի հանդեպ (ինչպես վերը նշած դեպքում էր տեսանելի, եթե չասեմ` երկկողմանի հաճելի)։

Կրկին` ամենևին չնսեմացնելով Անուշ Ասլիբեկյան֊Արծրունու կատարած ծավալուն, ընդգրկուն աշխատանքը (գրքին ծանոթ եմ, հասցրել եմ կարդալ), մանավանդ որ` դրա իրավունքը չունեմ, քանի որ ոլորտի գիտակն ու մասնագետը չեմ, պատեհ առիթն օգտագործելով` ընդամենը մտահոգող հարցն եմ արծարծում։

Գիրք գրելու, առավել ևս` հրատարակելու իրավունք պիտի տրվի ոլորտի գիտակներին, գրագետ մարդկանց, ի վերջո, վերահսկող մարմին պիտի ստեղծվի։ Յուրաքանչյուր բառ պիտի իր տեղում լինի, այլապես կկորցնի իր իմաստն ու արժեքը։ Ասածս մասնավորապես վերաբերում է թարգմանական գրականությանը (մշտապես կարդում եմ նորերին, թեև այն կարծիքին եմ, որ որևէ օտար լեզու իմանալը դեռևս ոմանց` իրենց թարգմանիչ համարելու իրավունք չի վերապահում)։

Կարդում եմ Զավեն Բոյաջյան֊հրաշալի թարգմանչի հիմնավորումները և հաճելիորեն ուրախանում։ Այսպես` յուրաքանչյուր բառի ու դարձվածի համար այս «կռվազանությունը» հենց իր գրած, իր թանգմանած խոսքին կամ դարձվածին տեր դառնալու մտահոգությունն է, մի բան, որ պակասում կամ իսպառ բացակայում է, թող ներվի ասել` ինքնակոչ, ինքնագովազվող գրողների, առավել ևս` նորօրյա գրականագետների, թարգմանիչների գրքերում։

Ի վերջո, ամեն այբուբեն իմացող հո գրող չէ՞։ Նախանձախնդիր լինենք մեր գրի և ստեղծվող յուրաքանչյուր տողի հանդեպ։

Եվ չմոռանանք. «Այն, ինչ գրվեց գրիչով, չի ջնջվի բահով, բրիչով» վաղեմի, խոսուն ասացվածքը վերաբերում է մնայուն գրին։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ